|
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) "Իրավունքի գերակայության նախաձեռնություն" կազմակերպությունը (ROLI) խթանում է իրավունքի գերակայությունն ողջ աշխարհում` հինգ աշխարհագրական ծրագրային տարածքներում ծավալած իր գործունեության շնորհիվ. - Աֆրիկա
- Ասիա
- Եվրոպա և Եվրասիա
- Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ
- Միջին Ասիա և Հյուսիսային Աֆրիկա
Իրավաբանական փորձագիտական օժանդակության ծրագրերի միջոցով ROLI-ն ապահովում է իրավաբանական փորձագիտություն անցումային փուլում գտնվող այն պետությունների համար, որոնք վերակազմավորում և փոփոխում են իրենց իրավական համակարգերն ու օրենսդրությունը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ "Իրավունքի գերակայության նախաձեռնությունը" (ROLI ) Հայաստանում իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ծրագիրն սկսել է 1996թ.-ին, իսկ քրեական իրավունքի ծրագիրը` 1998թ.-ին:
ROLI-ի աջակցությունը նպաստել է մի շարք կարևոր ձեռքբերումների, որոնց շարքում են. ՀՀ Դատավորների միության (ՀՀԴՄ) կազմավորումը, Դատավորի վարքագծի նոր կանոնագրքի ընդունումը, նոր Փաստաբանների պալատի ձևավորումը, փաստաբանների որակավորման նոր քննությունների կազմակերպումը, Հայաստանում և ԱՊՀ երկրներում առաջին Հանրային պաշտպանի գրասենյակի հիմնումը և դրան տրամադրվող կազմակերպչական աջակցությունը, մարդու իրավունքների, ընտրական իրավունքի և իրավունքի գերակայության համար առանցքային հանդիսացող իրավունքի այլ ճյուղերի վերաբերյալ դատավորների և փաստաբանների համար կազմակերպվող ուսումնական դասընթացները, մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաներով մի շարք սոցիալական գովազդների և տեսաֆիլմերի նկարահանումը, ինչպես նաև բազմաթիվ իրավաբանական կլինիկաների ստեղծումն ու աջակցումը:
ROLI-ի ծրագրերը Հայաստանում ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և INL գրասենյակների կողմից:
ROLI-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրավաբանի մասնագիտության ոլորտի բարեփոխումներ
"Իրավունքի գերակայության նախաձեռնության" (ROLI ) Իրավաբանի մասնագիտության բարեփոխումների ծրագիրն ուղղված է իրավաբանների և փաստաբանների անկախ և կայուն ընկերակցությունների հիմնմանը, հանրային նախաձեռնությունների զարգացմանը, իրավաբանների և փաստաբանների մասնագիտական կատարելագործմանը, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական գրականության և այլ միջոցների տրամադրմանը:
2006թ.-ին ROLI-ն աշխատեց ՀՀ փաստաբանների պալատի հետ` վերջին ավելի քան 5 տարիների ընթացքում փաստաբանների որակավորման առաջին քննությունների մշակման և անցկացման ուղղությամբ, ինչը մեծ առաջընթաց քայլ էր իրավաբան մասնագետների և իրավաբանական համակարգի մասնագիտական որակը բարձրացնելու ուղղությամբ:
ROLI-ն շարունակում է աշխատել Պալատի հետ, որպեսզի ամրապնդի իր անդամներին ծառայություններ մատուցելու Պալատի հնարավորությունները` հատուկ շեշտ դնելով էթիկայի և շարունակական իրավաբանական կրթության վրա: Իրավաբանի մասնագիտության բարեփոխումների ROLI-ի ծրագիրը Պալատի հետ աշխատում է նոր փաստաբան դարձած երիտասարդ իրավաբաններին մասնագիտացված ուսումնական դասընթացներ տրամադրելու ուղղությամբ, որպեսզի վերջիններիս ապահովի նախադեպային իրավունքի տարրեր ներմուծած դատական նոր համակարգում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններով:
Դատական բարեփոխումներ
"Իրավունքի գերակայության նախաձեռնությունը" (ROLI ) ձգտում է ամրապնդել Հայաստանի դատավորների անկախությունը, մասնագիտական որակավորումը և պատասխանատվությունը և նպաստել արդարադատության իրականացման գործընթացի թափանցիկության համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը: 2005թ.-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կտրուկ փոփոխություններ մտցրեց, որոնց նպատակն էր բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, ապահովել գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև հավասարակշռությունը և հիմնել ավելի անկախ դատական համակարգ: ROLI-ն աջակցում է դատավորների աշխատանքին այն նպատակով, որ վերջիններս ձեռք բերեն այս նոր համակարգում գործելու համար անհրաժեշտ հմտություններ:
Դատական բարեփոխումների ծրագիրը փորձագիտական-տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Վճռաբեկ դատարանին` նախադեպային իրավունքի կիրառման ուղղությամբ, ինչը նոր հասկացություն է Հայաստանի դատական համակարգի համար: Սույն փոփոխությունը կբարձրացնի թափանցիկությունը և պատասխանատվությունը` պահանջելով դատարանի այնպիսի գրավոր որոշումներ, որոնք պարունակում են դատարանի հստակ հիմնավորումը: Բրիտանական “Արևելք-Արևմուտք” կազմակերպության հետ համատեղ, ABA/ROLI-ն մշակել է նախադեպային իրավունքի մի ձեռնարկ դատավորների համար, որի մեջ ընդգրկված են օրինակներ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Հայաստանի իրավունքից, և այդ դատավորների համար նախադեպային իրավունքի թեմայով ուսումնական դասընթացներ է կազմակերպել:
Իրավաբանական կրթության բարեփոխումներ
"Իրավունքի գերակայության նախաձեռնության" (ROLI) Իրավաբանական կրթության բարեփոխումների ծրագրիրը հիմնականում կենտրոնանում է բուհերի իրավաբանական կլինիկաներում կրթությունն ուսանողների համար բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ, այն ձգտում է բարեփոխել Հայաստանի իրավաբանական կրթության ուսումնական ծրագրերը ` երիտասարդ իրավաբան մասնագետների պրակտիկ հմտություններն ամրապնդելու նպատակով: Իրավաբանական կրթության բարեփոխումների ծրագիրը մշակում է նաև հանրության կրթության համար նախատեսված նյութեր` իարվաբանական մի շարք թեմաների, ինչպես օրինակ` գենդերային հավասարության, երեխաների իրավունքների վերաբերյալ հանրության իրազեկումը բարձրացնելու նպատակով:
2007թ.-ին, ROLI-ին շարունակեց աջակցել Գավառի պետհամալսարանի և Գյումրիի Պրոգրես համալսարանի իրավաբանական կլինիկաներին: Սկսած 2006թ.-ից` նշված երկու համալսարաններում ուսանողների աշխատանքը կլինիկաներում սկսել է համարվել նրանց պարտադիր ուսումնական ծրագրի մաս:
ROLI-ն գործնական, ինտերակտիվ դասընթացներ, միջոցառումներ և տեղեկատվություն է տրամադրում` կլինիկաների ուսանողներին իրենց աշխատանքն ավելի լավ կարգավորելու հնարավորություն տալու, կլինիկաներում պատշաճ ֆինանսական և տեխնիկական պայմաններ ապահովելու, կլինիկաների և անվճար իրավաբանական օգնության այլ կենտրոնների միջև փոխգործակցությունը խթանելու, ինչպես նաև կլինիկաների տրամադրած ծառայությունների վերաբերյալ հանրությանը լայնորեն իրազեկելու նպատակով: 2007թ.-ին ROLI-ն թողարկեց “Իրավունքի այբուբեն” շարքի չորս նոր կրթական հոլովակներ, որոնք հեռուստատեսային մուլտֆիլմերի տեսքով երեխաներին են ներկայացնում ընտրությունների և ընտրական իրավունքի կարևոր հասկացություններն ու սկզբունքները: Հոլովակները ցուցադրվում են Հայաստանի տարբեր հեռուստաալիքներով, ինչպես նաև օգտագործվում են քաղաքացիական կրթության ոլորտում ROLI-ի գործընկեր կազմակերպությունների կողմից` հայաստանյան դպրոցներում դասեր անցկացնելիս: Այս տեսահոլովակները ֆինանսավորվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Ընտրությունների ծրագիրը
2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` "Իրավունքի գերակայության նախաձեռնությունն" աշխատեց հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ` ընտրական իրավունքի վերաբերյալ քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու, ինչպես նաև, արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու նպատակով, իրավունքի գերակայության սկզբունքը խթանելու ուղղությամբ: Այս ծրագրի աշխատանքներից էին. հանրության իրազեկման արշավը, հասարակական կազմակերպությունների մի ցանցի ստեղծումը, որը ընտրությունների ողջ ընթացքում քաղաքացիներին տրամադրում էր իրավաբանական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ դատավորների և իրավաբանների համար դասընթացների կազմակերպումը:
Քրեական իրավունքի բարեփոխումներ
"Իրավունքի գերակայության նախաձեռնության" (ROLI) Քրեական իրավունքի բարեփոխումների ծրագիրը Հայաստանում նպատակ ունի աջակցել փաստաբանների մասնագիտական զարգացմանը, Հանրապետության առաջին Հանրային պաշտպանի գրասենյակի կազմակերպչական ամրապնդմանը, ինչպես նաև բարձրացնել մարդու իրավունքների միջազգային նորմերի ոլորտում տեղեկացվածությունը և համապատասխանեցումը:
Հանրային պաշտպանի գրասենյակը. 2005թ.-ին Հայաստանում օրենսդրորեն սահմանվեց Հանրային պաշտպանի գրասենյակի հիմնադրումը, ինչն ուժի մեջ մտավ 2006թ.-ի հունվարի 1-ից, և գրասենյակն սկսեց իրավաբանական օգնություն տրամադրել բոլոր քրեական և որոշ քաղաքացիական գործերով: Հանրային պաշտպանի գրասենյակը, որը ՀՀ Փաստաբանների պալատի ենթակառույց է, ծառայություններ է մատուցում հանրապետության ողջ տարածքում: "Իրավունքի գերակայության նախաձեռնության" մասնակցությունը կարևոր դեր խաղաց այս կազմակերպության ստեղծման համար, և հետագայում էլ ROLI-ն կշարունակի մասնագիտական և կազմակերպչական աջակցություն տրամադրել այդ կառույցին:
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Տեղերում երկարաժամկետ և կարճաժամկետ աշխատող իրավաբան մասնագետներ
"Իրավունքի գերակայության նախաձեռնությունը" (ROLI) տրամադրում է կամավոր հիմունքներով աշխատող իրավաբան մասնագետներ, որոնք Հայաստանում բնակվում են 1-ից 2 տարի: Այս իրավաբաններն աշխատում են տեղական գործընկերների հետ` իրավական բարեփոխումների առաջնահերթ բնագավառները բացահայտելու և ROLI-ի աջակցությունը համակարգելու նպատակով: ROLI-ն տրամադրում է նաև իրավաբան մասնագետներ` բարեփոխումների կոնկրետ ոլորտների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Մասնագիտական իրավաբանական աջակցության դասընթացների և սեմինարների ծրագրեր ROLI-ն անցկացնում է մասնագիտական իրավաբանական աջակցության դասընթացների և սեմինարների ծրագրեր Հայաստանի ողջ տարածքում: Սեմինարները հիմնականում կազմակերպվում են իրավունքի կոնկրետ բնագավառի կամ թեմայի շուրջ, և հաճախ դրանցում մասնակցում են Ամերիկյան և Եվրոպական իրավաբաններ կամ դատավորներ:
Վերլուծական ծրագրեր, իրավաբանական գնահատման հետազոտություններ, հայեցակարգեր, մեկնաբանություններ "Դատական բարեփոխումների ինդեքս" և “Իրավաբանի մասնագիտության բարեփոխումների ինդեքս” ծրագրերի նման վերլուծական ծրագրերը ROLI-ին և նրա հայաստանյան գործընկերներին թույլ են տալիս չափել իրավական բարեփոխումների առաջընթացը: Իրավաբանական գնահատման հետազոտությունները վերլուծում և գնահատում են օրենքների նախագծերը` ներկայացնելով դրանց հետ կապված պոտենցիալ խնդիրները և բացահայտելով դրանցում չընդգրկված ոլորտները: Հայեցակարգերն ուղղված են իրավունքի հրատապ հարցերի ուսումնասիրմանը` նախքան դրանց վերաբերյալ օրենսդրության մշակումը:
www.abarol.org
|